gyugh.com

«Գյուղատնտեսության վարկավորումը ՀՀ-ում համարվում է բարձր ռիսկային»․ իրավական վերլուծություն

Գյուղատնտեսությունը առանցքային դեր է խաղում տնտեսության մեջ, այն ապահովում է մեր ՀՆԱ-ի շուրջ 15 %-ը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97 %-ը ապահովում են շուրջ 317 հազար գյուղական տնտեսությունները և այս համատեքստում հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձվի իրավական ասպեկտին։ Պարզելու համար, թե որքանով է իրավական դաշտը կարգավորված գյուղատնտեսների համար և որքանով է այն համապատասխան նրանց կարիքներին զրուցել ենք փորձառու իրավաբան, «Մադիկա» իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Դիանա Մովսեսյանի հետ։

Չնայած նրան, որ ՀՀ գյուղատնտեսության ոլորտն ունի կայուն զարգանալու համար բոլոր նախադրյալները, այնուամենայնիվ, այսօր, անմշակ հողատարածքները, փոքր հողակտորների տարածվածությունը, հողի նպատակային օգտագործումը, սահմանափակ առևտրային և տրանսպորատյին ուղիները լուրջ մարտահրավեր են հանդիսանում ՀՀ-ում այս ոլորտի զարգացման հարցում։ Իսկ եթե դրանց գումարենք նաև իրավական խնդիրները, որոնք իրավաբանի համոզմամբ այնքան էլ քիչ չեն՝ կադաստրային քարտեզների անորոշությունը, երբեմն զվարճալի իրավիճակների հանգեցնող անճշտությունները, հողատարածքների նպատակային օգտագործման ոչ ճիշտ փաստաթղթավորումը, գյուղատնտեսական հողերի ճշգրիտ հաշվառումը, դրանց թվայնացված քարտեզների բացակայությունը, ապա կստանանք այս մարտահրավերների ամբողջական պատկերը։  

Առաջին հայացքից կարող է թվալ, թե գյուղատնտեսությամբ զբաղվելու համար կարիք չկա որևէ լուրջ իրավաբանական հետազոտություններ իրականացնել, սակայն ինչպես պարզ դարձավ մեր զրույցից, այս ոլորտը կարգավորող մեկ, միասնական օրենսդրական ակտ այս պահին չկա՝ գյուղատնտեսությունն այսօր կարգավորվում է մի քանի իրավական ակտերով, որի մեծ ցանկով կկիսվենք հոդվածի վերջում։ 

Ոլորտը բավականին ճկուն է, գյուղատնտեսությամբ հետաքրքրվողներն ամեն օր բազում փորձարկումներ են անում և խաչասերումների ու նորարար տեխնոլոգիաների միջոցով ստեղծում նոր բուսատեսակներ։ Խոսելով այս մասին, պետք է մեծ ուշադրություն դարձվի նաև մտավոր սեփականության մասին օրենքներին, թե որքանո՞վ են դրանք կարգավորված այս ոլորտում։ 

Դիանան նշեց, որ այս դեպքում նույնպես չկա հստակ օրենսդրական ակտ և թե՛ գյուղատնտեսությանը վերաբերող մտավոր սեփականությունը պաշտպանող օրենսդրությունը, թե՛ առհասարակ մտավոր սեփականությունը պաշտպանող  օրենսդրությունը բաղկացած է մի քանի իրավական ակտերից, դրանք են՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին», «Արտոնագրերի մասին», «Աշխարհագրական նշումների մասին» և «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները։

Իրավաբանը խորհուրդ է տալիս․ «Ինչպես կրկին համոզվեցինք, այս ամբող օրենքների ցանկում, գյուղատնտեսությանը վերաբերող առանձնահատուկ իրավական ակտ, որպես այդպիսին չկա։ Այս դեպքում, գյուղատնտեսության ոլորտում ներգրավված տնտեսվարողին խորհուրդ է տրվում ամենից առաջ, խորհրդակցել մտավոր սեփականության ոլորտում մասնագիտացված իրավաբանի հետ, համոզվել, որ իսկապես առկա է մտավոր սեփականության պաշտպանության անհրաժեշտություն, որից հետո, արդեն անցնել հստակ փաստաղթղային կարգավորման»։  

Թեև վերջին ժամանակներս կատարվել են հարկային օրենսդրության փոփոխություններ, բայց այդ փոփոխությունների ազդեցությունը կարող ենք նկատվել ապագայում:

Պետության կողմից գյուղատնտեսությանը տրամադրվող աջակցությունը հիմնականում կրում է կատարված ծախսերի մի մասի վերաֆինանսավորման, բայց հիմնականում վարկերի տոկոսների սուբսիդավորման բնույթ: Ընդ որում, հաշվի է առնվում, թե արդյո՞ք գյուղատնտեսը ներդրում կատարել է գյուղատնտեսության զարգացմանը նպաստող այնպիսի ոլորտում, ինչպիսին է, օրինակ, ինտենսիվ այգիների կամ խելացի գոմերի հիմնումը: Միևնույն ժամանակ, շահառուի վարկունակության գնահատումը թողնվում է ֆինանսական կազմակերպությունների վրա, որոնք, իրենց հերթին, ռիսկայնությունը գնահատելով, կարող են մերժել այնպիսի վարկերի տրամադրում, որոնք, օրինակ, գյուղատնտեսական կոոպերատիվների վարկավորման պարագայում, միտված կլինեն նաև հողերի համախմբմանը և խոշորացմանը։

Ինչպես նշեց Դիանան, գյուղատնտեսության վարկավորումը համարվում է բարձր ռիսկային, և դա ակնհայտ է դառնում,երբ պարզվում է, որ այդ վարկերը կազմում են բանկերի վարկային պորտֆելի ընդամենը մոտ 4.4 տոկոսը,  իսկ վարկային կազմակերպությունների դեպքում՝ մոտ 11.5 տոկոսը։

Այս պահին ՀՀ գործում են մի քանի պետական աջակցության ծրագրեր, որոնցից կարելի է նշել՝ «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագիրը, Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐը, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիր և մի շարք այլ ծրագրեր, դրանց ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Եզրափակելով հարցազրույցը՝ պետք է ընդգծենք, որ գյուղատնտեսությունը մնում է մեր կյանքի անբաժանելի մասը՝ ապահովելով մեզ սննդով և հումքով։ Այս ոլորտում իրավական նորմերին և չափորոշիչներին արդյունավետ պահպանումը գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման առանցքային գործոն է։ Իրավաբանների հետ հաճախակի հանդիպումների ու քննարկումների շնորհիվ գյուղատնտեսական ձեռնարկությունները կարող են հաջողությամբ հաղթահարել իրավական մարտահրավերները և կենտրոնանալ իրենց հիմնական առաքելության՝ պարենային անվտանգության և մեր հասարակության բարեկեցության ապահովման վրա:

Ոլորտը կարգավորող իրավական ակտեր՝

Ի շահ ՀՀ գյուղատնտեսության զարգացման

Կիսվել նյութով՝