gyugh.com

«Մի բուռ». դոշաբի արտադրություն սահմանամերձ Խաչիկ գյուղում

Առաստամուղ, իսկ հետո Խաչիկ․ այսպես է կոչվում Հայաստանի դարպասներից մեկը, որը Վայոց Ձորի մարզում գտնվող ամենաճանաչված գյուղերից է, թեև ճանապարհը դեպի Խաչիկ դժվարանցանելի է և լի խոչընդոտներով, գյուղը վերջերս դարձել է զբոսաշրջային ակտիվ ուղղություններից մեկը։

Խաչիկցի երիտասարդները մեծ սիրով և հպարտությամբ անում են ամեն ինչ գյուղը զարգացնելու և նոր հեռանկարներ տեսնելու համար։ Վերջին տարիներին այստեղ հիմնվել են մի շարք նախաձեռնություններ, որոնք միտված են գյուղի հանրայնացմանը և արտագաղթի նվազեցմանը։ Այդպիսի նախաձեռնություն է Մի բուռ սոցիալական ձեռներեցությունը, որը սահմանամերձ էկո գյուղերի միավորում է։ 

Սահմանամերձ Խաչիկը, ունենալով հարուստ ռեսուրսներ , բարենպաստ կլիմա և առանձնահատուկ աշխարհագրական դիրք, մշտապես բախվել է բերքի իրացման խնդրին, որի գլխավոր պատճառը գյուղի սեգրեգացված վիճակն է։ Տարիներ առաջ, երբ գյուղացիներից շատերը հավաքվել էին քննարկելու գյուղի հնարավոր զարգացման միտումները և այս հիմնահարցի լուծումը, Խաչիկցի բնակիչներից մեկի առաջարկությամբ որոշվեց սկսել դոշաբի արտադրություն, որի միջոցով իրացվելու էր տարածաշրջանի յուրահատուկ խաղողը․ այստեղից էլ սկիզբ դրվեց Մի բուռի գաղափարին և սկսվեց համագործակցությունը խաչիկցիների հետ։

Դյուզը՝ ինչպես խաչիկցիներն են անվանում իրենց անծայրածիր դաշտերին, գտնվում է թշնամու սահմանից մետրերի հեռավորության վրա։ Հենց այստեղից հավաքված խաղողից Մի բուռը սկսեց պատրաստել իր առաջին ապրանքատեսակը՝ Խաղողի դոշաբը՝ գրեթե մոռացված բաղադրատոմսով։ Դոշաբի կարևորության մասին Էկան ասում է, որ այն ոչ միայն օգտագործվում է, որպես բուժիչ միջոց, այլև դառնալու է շատերի խոհանոցային ընկերը և մատուցվելու շատ ու շատ ուտեստների հետ․ դոշաբը հրաշալի համադրությություններ կարող է ստեղծել ամենատարբեր կերակրատեսակների հետ։ 

Դոշաբը  տարիներ շարունակ եղել է խաչիկցիների սեղանի անբաժան մասը․ գյուղացի տիկին Սոնայի խոսքերով տեղացիներն այն համադրել են յուղի, մածունի և փոխնդի հետ՝ լրացնելով քաղցրի պահանջը։

Դժվարությունների մասին Էկան ասում է․«չնայած անհնարին թվացող դժվարություններին, որոնք այնքան էլ քիչ չէին՝ տեղափոխության հետ կապված խնդիրներ և այլն, եթե կա նպատակ, պետք է հստակ քայլերով հասնել դրան և հետ չկանգնել երբեք։ Երբ տեսնում ես կատարածդ աշխատանքի արդյունքները գոյությունդ իմաստավորվում է»։

Մի բուռն ունի հստակ ապագայի պլաններ, որտեղ գլխավորում է ընդլայնվելու գաղափարը։ Այս տարվա ընթացքում Մի բուռը պատրաստվում է ներկայանալ նոր ապրանքատեսակով, որի մասին ինֆորմացիան հիմնադիրները դեռ գաղտնի են պահում, բայց խոստանում են, որ շատ են զարմացնելու հանրությանը, քանի որ բախտ են ունեցել ևս մեկ մոռացության եզրին գտնվող բաղադրատոմս վերակենդանացնելու։ 

Նոր ապրանքատեսակի մեջ նույնպես մեծ դեր ունի Խաչիկը՝ իր հարուստ ռեսուրսներով և արևաշատ բերք ու բարիքով։ 

Ընտրելով «Մի բուռ»-ի արտադրանքը՝ դուք աջակցում եք Հայաստանի սահմանամերձ գյուղերի զարգացմանը և հայ տնտեսվարողին։

Ի շահ ՀՀ գյուղատնտեսության զարգացման

Կիսվել նյութով՝