gyugh.com

«Գյուղատնտեսությունն այլևս տանջալից չէ»․ պերմակուլտուրան ՀՀ գյուղանտեսության զարգացման հիմքում

Այսօր գործարկվում են մի շարք տեխնոլոգիաներ, որոնք փորձում են հեշտացնել գյուղատնտեսների կյանքը, ավտոմատացնել գործընթացները՝ խնայելով ռեսուրսներն ու ժամանակը ստանալ մեծ արդյունք։ Այսպիսի միջոց է պերմակուլտուրան՝ մշտատև գյուղատնտեսությունը։ Այս մեթոդով իր հարուստ այգին է աճեցնում Բերդավան գյուղի բնակիչ Էրիկ Հախվերդյանը։

2019 թվականին Ֆրանսիայում Էրիկը այցելում է պերմակուլտուրայի մեթոդով մշակված այգի, ծանոթանում այդ մեթոդին և ինչպես ինքն է նշում՝ «լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել», ապա մասնակցում է 6-ամսյա օնլայն դասընթացի՝ սերտում մշտատև գյուղատնտեսության նրբությունները և սկսում ինքնակրթվել, ուսումնասիրություններ կատարել՝ խորանալով այս ոլորտում։

Պերմակուլտուրայի մոտեցումները խիստ տարբերվում են ավանդական մեթոդներից,  ավելի շատ համադրվում բնության մեջ գործող էկոսիստեմներին։

Այսինքն ոչ թե կիրառվում են արհեստական պարարտանյութեր, որոնք տարիների  ընթացքում առաջացնում են հողի էրոզիա, այլ կիրառում բույսեր, որոնք ֆիքսում են ազոտ կամ գեներացնում ֆոսֆոր, որոնք դրական ազդեցություն են թողնում հողի և շրջակա միջավայրի վրա։ 

Էրիկի խոսքով կան շատ նրբություններ, որոնցից մեկը կոմպոստի պատրաստումն է և թափոնների շրջանաձև կիրառումը, որոնք պետք է առանձին-առանձին դիտարկվի, բայց ամենակարևորներից է հողի լանդշաֆտի դիզայնը։

Այն միշտ պետք է արգելակող լինի ջրի արտահոսքը տարածքից, սակայն ունենա ավելորդ ջրի ելք, որը տարիների ընթացքում անընդհատ կծառայի որպես դրական ազդեցություն գործոն։ Այս տեսակի գործիքներն ուղղված են ռեսուրսախնայողության բարձրացմանը ինչպիսիք են թունաքիմիկատները, պարարտանյութերը , ջրի վարձավճարը, ֆիզիկական աշխատանքը և ժամանակը։

Խոսելով մշտատև գյուղատնտեսության առավելությունների մասին՝ Էրիկը նշեց․ «Ինձ համար իմ ամենամեծ ձեռքբերումը ժամանակի խնայումն է և ֆիզիկական աշխատանքի նվազումը։ Նախկինում այս հողի մշակման համար մայրս ծախսում էր օրական 3-5 ժամ, այժմ ես ծախսում եմ միջինում 30 րոպե։ Նախկինում տարեկան ծախսվում էինք մոտ 8.000 ֏՝ թունաքիմիկատների համար և մոտ 6.000֏ պարարտանյութերի, իսկ հողի փորման համար՝ 10.000 ֏, այժմ դրանց կարիքը չունենք, ինչպես նաև ներդրել ենք անձրևաջրերի հավաքման տարա, արդյունքում նվազել է ջրի պահանջարկը։

Այս ամենից հետո, գյուղատնտեսությունը այլևս տանջալից չէ, այն կարելի է համադրել այլ աշխատանքի հետ, ընդհակառակը, դարձել է ավելի հետաքրքիր, և ավելի առողջարար։ Բերքատվությունը տարեց տարի ավելի է բարձրանում, իսկ խնամքը ավելի քչանում։ Քանի որ այգում միշտ թռչունների համար ուտելիք և ջուր կա, ավելացել է նրանց քանակը, հետևաբար վնասատուները նույնպես ավելի քիչ են հանդիպում և ավելանում են օգտակար միջատները։  Բարձրացրել են բույսերի համային հատկանիշները և պաշտպանվածությունը։ Մուլչապատման շնորհիվ չկան մոլախոտեր, իսկ աշխատանքը ընդհանուր ավելի հաճելի է դարձել։»

Ստանալով կրթություն արտերկրում՝ Էրիկը ներդրել է ձեռք բերած փորձը սեփական այգու զարգացման մեջ։ Ծնողներին համոզելը բավականին բարդ գործընթաց է եղել, քանի որ նրանք տարիներ շարունակ այգին մշակել էին ավանդական մեթոդներով, իսկ նորությունները խորթ էին նրանց համար ու շատ հաճախ խոչընդոտում էին Էրիկի կողմից առաջարկվող նորամուծություններին։

Սկզբնական փուլում կատարելով մի շարք սխալներ՝ սկսում է այգու կառավարումը հարմարեցնել իր աշխատելաոճին՝ կախված ունեցած ժամանակից, մշակվող մշակաբույսերից և ունեցած ռեսուրսներից։

Որոշ ժամանակ անց, երբ կարգավորում է գործընթացները և աշխատանքն ընկնում է հունի մեջ Էրիկը բախվում է առաջին խնդիրներին՝  բարձրարժեք մշակաբույսերի հայթայթումը, որոնք գրեթե չկան ՀՀ-ում։ Հաղթահարելով անհնարին թվացող խնդիրները՝ նա գծում է ապագայի հստակ պլաններ։ Մոտ ապագայում պատրաստվում է ընդլայնել այգին, գնել նոր տարածք՝ մոտ 1հա և այս մոդելով ոչ միայն կարտադրի մթերք ու բարձրորակ տնկիներ, այլև կգործի որպես պերմակուլտուրայի կրթական կառույց, կկատարի խորհրդատվական ամբողջական ծառայություն՝ իր մեջ պարունակելով սոցիալական կոմպոնենտներ։ Մարդիկ, որոնք անվճարունակ են, կարող են օգտվել այս ծառայությունից՝ կատարելով որոշակի աշխատանքներ։ Հիմնական մշակաբույսերը լինելու են բարձրարժեք, ՀՀ-ում քիչ տարածված տեսակներ։

Էրիկը եզրափակում է իր խոսքն ասելով՝ «Եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են անցնել այս մոդելի օգտագործմանը, կարող են հյուր գալ և տեղում ծանոթանալ նոր մոտեցումներով մշակված իմ այգուն, յուրաքանչյուրի համար սիրով կկազմակերպեմ շրջայց և կպատասխանեմ առաջացած հարցերին»։

Ի շահ ՀՀ գյուղատնտեսության զարգացման

Կիսվել նյութով՝