gyugh.com

Խաղողագործություն

Խաղողագործությունը, ագրոարդյունաբերական համալիրի ճյուղ է, որը զբաղվում է խաղողի մշակությամբ։
Խաղողի բույսը մշակության մեջ է մտցվել 7–9 հազար տարի առաջ Արևմտյան Ասիայում։ Մոտ 4-6 հազար տարի առաջ խաղողը մշակվել է Անդրկովկասում, Միջին Ասիայում, Սիրիայում, Միջագետքում, Եգիպտոսում, 3 հազար տարի առաջ՝ Հունաստանում։ Այնուհետև խաղողի մշակույթը թափանցել է Հռոմ, հետո Ֆրանսիա և այլ եվրոպական երկրներ, ավելի ուշ՝ Հարավային Աֆրիկա, Օվկիանիա, Ճապոնիա, Կորեա և Ամերիկա։

Խաղողի տեսակները

Հայտնի է վայրի խաղողի մեկ տեսականտառային խաղողը: Աճում է անտառներում, անտառեզրերին, լեռնակիրճերում, գետահովիտներում և այլուր: Վայրի խաղողի ողկույզները փոքր են, նուրբ, պտուղները մանր, մուգ մանուշակագույն, հազվադեպ սպիտակ, մաշկը հաստ, կոպիտ, շաքարների պարունակությունը ցածր: Բաժանասեռ է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Մշակության մեջ տարածված է խաղողի մոտ 70 տեսակշուրջ 600 սորտերով, որոնց մեծ մասից ստանում են գինիների տարբեր տեսակներ: Ամենատարածված սորտերն են Ոսկեհատը, Գառան Դմակը, Սև Արենին, Կարմրահյութը, Նռնենին, Ազատենին, Մեղրաբուրը, Ներկառատը, Արարատին, Մսխալին, Շահումյանին, Անահիտը, Հայաստանը, Դեղին և Վարդագույն Երևանիները, Մուսկատային բույրով մի քանի սորտեր և այլն: Խաղողը լուսասեր և ջերմասեր բույս է, հողի նկատմամբոչ պահանջկոտ: Արմատային համակարգը հզոր է, ցողունը մագլցող լիան է (կարող է հասնել մինչև 20-30մ երկարության), կան նաև սողացող, փռվող կամ կանգուն թփեր: Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր: Տերևի հակառակ կողմում զարգանում են 1-3, երբեմն ավելի ծաղկաբույլեր (ողկույզ): Ծաղիկները դեղնականաչավուն են, աննշմարելի: Պտուղը 1-4 կորիզով է (կան նաև անկորիզ քիշմիշային սորտեր), տարբեր գույներիսև, սպիտակ, ոսկեգույն, վարդագույն , մանուշակագույն, հյութալի հատապտուղ է: Պտուղները հավաքված են ողկույզների մեջ: Խաղողի պտուղներից պատրաստում են մարմելադներ, օշարակ, շարբաթ, պահածոներ, սուջուխ, մուրաբաներ, իսկ որոշ սորտերի պտուղները չորացնելովքիշմիշ (անսերմ) և (չամիչ) սերմով:
Խաղողի պտուղը կարևոր վիտամիններ է պարունակումA, C, P, K, B խմբի և PP, ինչպես նաև զգալի քանակությամբ տարբեր օրգանական թթուներ (խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու և այլն): Խաղողի պտղի մեջ առկա են սպիտակուցային նյութեր, պեկտիններ, հանքային նյութեր և այլ մակրո և միկրո տարրեր: Խաղողի այգու հողի մշակությունը Խաղողի այգու նորմալ աճը, զարգացումն ու բարձր բերքատվությունն ապահովելու հիմնական պայմաններն ագրոտեխնիկական և ֆիտոտեխնիկական միջոցառումների որակով ու ժամանակին կատարումն է: Խաղողի այգում կատարվող հիմնական աշխատանքներն են

  1. վազերի էտն ու ձևավորումը
  2. վազերի հենակավորումը (լարային այգում շպալերայի հիմնում)
  3. կանաչ հատումները (հատկապես շվատումը)
  4. այգու հողի մշակությունը
  5. այգու պարարտացումը և սնուցումը
  6. այգու ոռոգումը
  7. վազի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը
  8. խաղողի բերքահավաքը:

Խաղողի այգու հողի ամենամյա մշակման գլխավոր խնդիրն է՝ հողում ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի լավագույն ձևով ընթանան հողի ֆիզիկաքիմիական և կենսաբանական գործողությունները: Հողի ռացիոնալ մշակումով հնարավոր է վերականգնել նրա մշտական արգավանդությունը: Բացի այդ, հողի մշակմամբ պայքար է տարվում մոլախոտերի, հիվանդությունների և վնասատուների դեմ և նվազեցվում է հողի մակերեսից ջրի գոլորշացումը: Խաղողի այգու հողի մշակությունը տարբերվում է միամյա բույսերի համար կատարվող հողի մշակությունից: Այգու միջշարքային տարածություններն ամեն տարի մի քանի անգամ տարբեր խորությամբ փխրեցնում են:  

Հայաստանի խաղողագործական գոտիների շրջակա միջավայրի հիմնական գործոնները

Ըստ «Հայաստանի գյուղական համայնքներում ագրոկենսաբազմազանության պահպանության և օգտագործման միջոցով կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությոինից պարզ է դառնում, որ ՀՀ խաղողագործական հիմնական տարածքները գտնվում են կիսաանապատների և չոր տափաստանային գոտում: Այստեղ տարածված են լեռնային գորշ և լեռնաշագանակագույն հողերը: Հողային պայմանները, բացառությամբ ճահճացած և աղակալած հողերի, միանգամայն բարենպաստ են խաղողի վազի մշակության համար: Խաղողի վազն իր ժառանգականությամբ ջերմասեր բույս է, ինչն արդյունք է նրա բարձր ջերմության միջավայրի ծագումով: Հայաստանի կլիմայական գործոնները պայմանավորված են շրջակա միջավայրի ուղղաձիգ գոտիականությամբ, լանջերի տարբեր կողմնադրությամբ, ռելիեֆի ձևով և առանձին դեպքերում, գրունտային ջրերի տարբեր մակարդակով: Մեր հանրապետությունում արդյունաբերական խաղողագործությունը զարգացած է Արարատյան հարթավայրի և նրա նախալեռնային գոտիներումծովի մակերևույթից 800-1400մ, հյուսիս արևելյան գոտում400-1000մ,Վայոց ձորում1000մ-ից մինչև 1400-1600մ, Մեղրիում 500մ-ից մինչև 1500-1600մ, Գորիսի տարածքում 700-1200մ բարձրության վրա: Վայոց ձորի և Զանգեզուրի տարածաշրջաններում, խաղողի վազի մշակությունը կարելի է տանել ծովի մակերևույթից մինչև 1700մ բարձրության վրա, հատկապես հարավային և հարավարևմտյան թեքություններում: Կլիմայի տարրերն են՝ ջերմությունը, լույսը, տեղումները, օդային հոսանքները, օդի հարաբերական խոնավությունը և այլն, որոնք ազդում են վազի աճի և բերքատվության վրա: Կլիման այն հիմնական գործոնն է, որով պայմանավորված են խաղողի մշակության գոտին, խաղողագործության մասնագիտացումը և սորտատեղաբաշխումը, այգիների մշակության համակարգը և խնամքը: Կլիման անմիջականորեն ազդում է վազի աճի և բերքատվության վրա բնորոշելով նրա փուլերի անցման տևողությունը, պտուղների հասունացումը, դրանց մեջ շաքարի և թթուների արդյունավետ կուտակումը: Ինչպես նշվեց, Հայաստանի Հանրապետության կլիմայական պայմանները բազմաբարդ են և պայմանավորված են ուղղաձիգ հողակլիմայական գոտիների առկայությամբ, լանջերի տարբեր կողմնադրությամբ, ռելիեֆի ձևով, գրունտային ջրերի տարբեր մակարդակով: Ձմռան ամիսներին Արարատյան հարթավայրի, նախալեռնային և Վայոց ձորի գոտիների խաղողագործական տարածքներում սաստիկ ցրտեր են լինումօդի ջերմությունը իջնում է մինչև -300C-320C-ի, իսկ երբեմն, ձյան մակերեսին, հասնում է մինչև -340C-300C-ի: Այդ տարածքներում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու համար այգեթաղ է կատարվում: Լինում են դեպքեր, երբ գարնանային ցրտահարությունները վնասում են նաև երիտասարդ շիվերին և ծաղկաբույլերին: Առանձին տարիների խաղողի վազերին զգալի վնաս են հասցնում նաև աշնանային ցրտերը: Հայաստանի այգեգործական շրջաններում խաղողի վազի վեգետացիայի ժամանակաշրջանի բոլոր օգտակար (10 աստիճանից բարձր) ջերմաստիճանների գումարը տարբեր է և այն որոշակի ազդեցություն է գործում սորտերի ընտրության, պտուղներում շաքարի կուտակման և խաղողագործության մասնագիտացման վրա: Հայաստանի կլիման ծովից հեռու գտնվելու և բարձր լեռնաշղթաներով շրջափակված լինելու պատճառով չորային է: Կախված խաղողի վազի ձմեռելու կլիմայական պայմաններից առանձնացվում է երեք գոտի: Աոաջին գոտում են այն տարածքները, որտեղ խաղողի վազերը ձմռան նախօրյակին չեն թաղվում: Այս գոտու սահմանները անցնում են այն հողամասերով, որտեղ օդի տարեկան նվազագույն մեկուսացման գիծը -150C է: Երկրորդ գոտում ընդգրկվում են սովորական այգեթաղ տարածքները: Այստեղ միջին տարեկան նվազագույն ջերմաստիճանի մեկուսացման գիծը սահմանափակվում է -350C-ով: Երրորդ գոտում այն տարածքներն են, որտեղ ձմռան օդի ջերմությունը -350C-ից ցածր է և այգեթաղի սովորական միջոցներով հնարավոր չէ վազի օրգանները պաշտպանել ցրտահարությունից, քանի որ հողի մեծ խորությամբ սառչելու հետևանքով արմատները ցրտահարվում են:

Ի շահ ՀՀ գյուղատնտեսության զարգացման

Կիսվել նյութով՝